Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետությունում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում: Այս մասին մարտի 20-ին՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի եզրափակիչ օրն ունեցած ելույթում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Նրա խոսքով, ԼՂՀ-ն շարունակում է ջանքեր գործադրել երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար: «Բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Մենք պատրաստ ենք քննարկել հարցերի ամբողջ համալիրը: Մեր սկզբունքային դիրքորոշումը հետեւյալն է. խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղության, իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման վրա»,- ընդգծեց Միրզոյանը:

Հակամարտության վերջնական կարգավորման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության խաղաղ գոյակցության համար համապատասխան ջանքերի եւ պայմանների մշակման ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը նաեւ կապահովի խաղաղության գործընթացի անշրջելիությունը եւ ազդանշան կդառնա ուժի կիրառման եւ պաշտոնական Բաքվի կողմից ուժի սպառնալիքների անթույլատրելիության մասին»,- ամփոփեց Կարեն Միրզոյանը: