Սոցիալական խնդիրների, պատասխանատու մարմինների անգործության, բացի սեփական գրպաններից մնացած ամեն ինչի հանդեպ պաշտոնյաների անտարբերության մասին հոդվածներով, ցավոք, արդեն ոչ ոքի չես զարմացնի: Հասարակությունը վարժվել է, իսկ պաշտոնյաները վաղուց իմունիտետ են ձեռք բերել հնարավոր բոլոր տեսակի քննադատության դեմ:

Եվ ամեն դեպքում, քանի որ խնդիրները պատշաճ կերպով չեն լուծվում, հարկավոր է հիշեցնել դրանց մասին: Նման խնդիրներից մեկի մասին՝ Մայիսի 9-ի փողոցի օրինակով:

NEWS.am-ն արդեն գրել է ճանապարհային երկարատեւ շինարարության մասին, որը նշանակալի հաղթանակի անունով անվանակոչված այդ փողոցին «բաժին ընկավ» անցյալ տարվա ամռանը: Մի քանի ամիս փողոցը տրամաբանության եւ առողջ մտքի հետ բյուրոկրատիզմի պայքարի թատերաբեմ էր դարձել. նախ այն ասֆալտապատում էին, հետո խողովակներ անցկացնում, նորից ասֆալտապատում, այնուհետեւ կրկին նոր խնդիրներ էին առաջանում, եւ այսպես՝ մի քանի անգամ:

Վերանորոգման աշխատանքները, սակայն, ի վերջո ավարտվեցին: Լուսանկարներում լավ երեւում են մի ամիս տեւած աշխատանքի արդյունքները:

Մեկ անգամ անձրեւ, եւ փողոցն իսկական գետի է վերածվում: Ընդ որում, ոչ միայն երթեւեկելի հատվածը, այլեւ մայթերը: Աշխույժ խաչմերուկն առանց թրջվելու անցնելն անհնար է: Լուսակրի իրենց ազդանշանին սպասող քաղաքացիները «թարմացնող» ցնցուղ են ընդունում անցնող մեքենաների անիվների տակից ցայտող ջրով: Հետիոտնի դեմքերից դժվար չէ գուշակել, որ նրանք բարձրաձայն կամ մտքում հիշում են այն բոլոր պաշտոնյաների եւ աշխատողների տոհմածառը, որոնք այդ «շինարարությունից» օգուտ են քաղել:

Եվ նման պատկեր է ոչ միայն Մայիսի 9-ի եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում…

Այստեղ տեղին է հիշատակել Ճանապարհային ոստիկանության կոչերը՝ երթեւեկության կանոնները հետեւելու մասին, ինչպես նաեւ հետիոտնի հասցեին կշտամբանքները: Պարոնայք ոստիկաններ, իսկ դուք փորձե՞լ եք այդպիսի խաչմերուկը հատել՝ առանց սեփական արժանապատվությանը, կոշիկներին ու առողջությանը վնաս հասցնելու:

Պարոնայք պաշտոնյաներ, գուցե, ի վերջո, փորձեք դո՞ւրս գալ ձեր աշխատասենյակներից եւ ծանոթանաք աշխատանքների արդյունքներին: