ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելը հանրապետության համար բաց տնտեսություն կառուցելուն ուղղված հիմնարար եւ բնական քայլ է։ Նման կարծիք է հայտնել Ղրղզստանի վարչապետ Ջոմարթ Օթորբաեւը։
Մարտի 23-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։ Ղրղզստանը պլանավորում է այս տարվա մայիսին դառնալ միության լիիրավ անդամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր հիմնական առեւտրատնտեսական գործընկերները պետք է ավելի մոտ լինեն մեզ։ Սա երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլ է»,- հայտարարել է Ղրղզստանի վարչապետը՝ ընդգծելով, որ իր երկիրը 2010թ. որդեգրել է առաջընթաց զարգացման ուղին, եւ կառավարությունը մտադիր է առաջ ընթանալ ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ժամանակակից սկզբունքների ճանապարհով։
«Մենք աշխարհի 5 երկրներից մեկն ենք, որի արտաքին առեւտրի ծավալը գերազանցում է ՀՆԱ-ն։ Ընդ որում, աշխարհի միակ երկիրն ենք, որը նման առաջընթաց է գրանցում՝ չունենալով ելք դեպի ծով»,- հայտարարել է վարչապետը։





























