Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փաստաթղթի ստորագրումը շահավետ կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Եվրամիության ե՛ւ Եվրասիական տնտեսական միության համար։ Այս մասին մարտի 23-ին «ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ու խնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Ռիգայում ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից սպասվող ակնկալիքներին։
Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ արհեստական ընտրության առջեւ։ «ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են։ Այդ պատճառով ըստ իս՝ այդ ընտրությունն արհեսատական է։ Ե՛վ Մոսկվան ե՛ւ Բրյուսելը որոշակիորեն հասկանում են, որ Հայաստանը կարող է զարգացնել իր հարաբերություններն առանձին պետությունների հետ։ Այդպես էլ պետք է լինի»,- նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ դեռեւս պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ռիգայում, ուստի հապճեպ եզրակացություններ անել պետք չէ։
Հիշեցնենք, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը կայանալու է այս տարվա մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։





























