UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում: Մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունանա ս. թ. ապրիլի 20 -ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի (4th International Green Roof Congress) ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:
Ժյուրիի կարծիքով՝ UWC Դիլիջան քոլեջը լավագույն կերպով ի ցույց է դնում տանիքների եւ պատերի կանաչապատման հնարավորությունների բազմազանությունը՝ հաշվի առնելով նաեւ բնապահպանական եւ էկոլոգիապես պատասխանատու կրթության խնդիրները:
IGRA Green Roof Leadership Awards-ի նպատակը կազմակերպությունների եւ ճարտարապետների ուշադրությունը քաղաքային տարածքների կանաչապատման նորարարական գաղափարների ու լուծումների վրա հրավիրելն է: Մրցանակակիրների թվում են միջազգային հայտնի այնպիսի կազմակերպություններ եւ անհատ ճարտարապետներ, ինչպիսիք են, օրինակ, Սինգապուրում Fusionopolis գիտահետազոտական կենտրոնի նախագծող JTC Corporation ընկերությունը, Վանքուվերում Վան Դուսենի բուսաբանական այգու Այցելուների կենտրոնի նախագծի հեղինակները, Չիչեսթրում Rolls-Royce ավտոարտադրող ընկերության գործարանի նախագծողները:
Հիշեցնենք, որ UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն էր, որ արժանացել է նաեւ միջազգային հեղինակավոր BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Methodology) վարկանիշային համակարգի հավաստագրի:





























