«Արմենիկումը» եզակի դեղամիջոց է, որն իր մեջ պարունակում է դեռ վաղուց բավականին հայտնի ունիվերսալ հակամիկրոբային նյութ` յոդ, որի միջավայրում միկրոբների որոշակի կայունությունն ուղղակի անհնարին է: Այսինքն` այն  հակաբակտերիական ազդեցություն ունի: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետազոտական լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Տիգրան Դավթյանը:

««Արմենիկում»-ի գաղտնիքը հենց յոդի մեջ է։ Սակայն, որպեսզի յոդը ներարկես օրգանիզմ, եւ այն օրգանիզմում աշխատի որպես հակամիկրոբային նյութ եւ միեւնույն ժամանակ չունենա որեւէ թունավոր ազդեցություն. նման պայմանների հասնելը բավականին բարդ է»,- ասաց  Դավթյանը` ավելացնելով, որ աշխարհում չկան այդպիսի դեղամիջոցներ, որ յոդ պարունակեն, եւ որեւէ մեկին, բացի հայ մասնագետներից, դեռեւս չի հաջողվել չեզոքացնել յոդի թունավոր ազդեցությունը օրգանիզմի համար:

Դավթյանի խոսքով` ՁԻԱՀ-ի կանխարգելման համար դեղամիջոց ստեղծելու աշխատանքները սկսվել են մոտ 190 տարի առաջ, եւ այն բավականին երկար ժամանակ հետազոտման նյութ է դարձել գերմանացիների, ռուսների, հրեաների, ֆրանսիացիների եւ այլ ազգերի համար, եւ տարբեր միջազգային հայտնի կենտրոններ փորձել են նմանատիպ դեղամիջոցներ ստեղծել, ուղղակի դա նրանց կամ չի հաջողվել սինթեզել կամ ստացվել է շատ թունավոր դեղամիջոց:

«Իսկ մենք, այդ ամբողջ փորձը հանրագումարի բերելով եւ նոր մոտեցումներ մշակելով, կարողացանք ստեղծել նման դեղամիջոց, եւ մոտ 15 տարի առաջ մեզ հաջողվեց ուղղակի ստանալ խիստ որոշակի պոլիսախալինային մատրիցա, որի ցանցային կառուցվածքի շնորհիվ յոդը ապահովում է դինամիկ հավասարակշռություն: Այսինքն` մեզ հաջողվեց յոդը մտցնել պոլիսախալինի ցանցի մեջ եւ արդյունքում `«Արմենիկումը» պարունակում է յոդ, որը մենք ներարկում ենք երակային ներարկման միջոցով»,-ասաց Դավթյանը:

Նրա խոսքով` յոդի պարունակությունը մարդու օրգանիզմի համար առաջնահերթ կարեւորություն ունի, եւ դրա նվազումը օրգանիզմում միանգամից առաջ է բերում առողջական տարբեր խնդիրներ, իսկ  «Արմենիկումը», որի հիմքում ընկած է յոդը, իր բացառիկ կառուցվածքի շնորհիվ, ունի շատ լայն ազդեցության շրջանակ` հակամիկրոբային եւ հակաբորբոքային, իմունակարգավորիչ ազդեցություն, ինչպես նաեւ մեծ պոտենցիալ ունի յոդի դեֆիցիտով պայմանավորված մի շարք հիվանդությունների բուժման համար:

«Ասել, որ «Արմենիկում»-ը ստեղծված է միայն հատուկ ՁԻԱՀ-ով հիվանդների համար, դա նեղացնում է դեղամիջոցի ազդեցության շրջանակը, իսկ դեղի հնարավորությունները ավելի լայն են, եւ այն ամբողջովին դեռեւս բացահայտված չէ»,- ամփոփեց Դավթյանը:
 
Լուսինե Մովսիսյան