Հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ NEWS.am-ը հարցազրույց է արել թուրքական BirGun պարբերականի լրագրող Օզգուն Օզչերի հետ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ձեր կարծիքով այս պահին ի՞նչ վիճակում են։
Եթե այս հարցին ոչ թե ես, այլ իշխանությունների ներկայացուցիչը պատասխաներ, ապա նա այսպես ասած դիվանագիտական նախաձեռնությունների մասին հեքիաթներ կպատմեր։ Նա նույնիսկ Սարգսյանին ուղղված Էրդողանի հրավերը՝ ապրիլի 24-ին այցելել Չանաքքալեի միջոցառումներին, կնկարագրեր որպես հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ։ Նույնիսկ լրագրող Էթյեն Մահչուփյանին Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակելը որպես սկիզբ կարող էր մեկնաբանել։
Բայց մենք գիտենք, որ Հայաստանը մաքսատները բաց է պահում Թուրքիայի հետ առեւտրի համար, սակայն սահմանը փակ պահողը Թուրքիան է։ Թուրքական իշխանությունները, թիրախավորելով Հայկական սփյուռքին, աշխատում են հասարակության աչքում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի միջոցառումները որպես վատ բան ներկայացնել։ Նույնիսկ թիվ մեկ թշնամի հայտարարված Ֆեթուլահ Գյուլենի շարժումը սեւացնելու համար իշխանությունները պնդում են, թե այդ շարժումը դաշինք է կնքել ԱՄՆ-ի հրեական եւ իհարկե հայկական լոբբիների հետ։
Այսինքն, Թուրքիայի կողմից ոչ կոնկրետ քայլ կա, ոչ էլ ազդանշան կա, որ ժխտողական քաղաքականությունը հիմնովին փոխվելու է։ Ավելին, տեղը եկած ժամանակ հայերը թուրք քաղաքական գործիչների կողմից որպես «մութ ուժեր» կարող են ներկայացվել։ Այդ պատճառով է, որ չեմ տեսնում իշխանությունների մտադրությունը՝ լուծելու Հայկական հարցը։
Քաղաքական շահերի համար մի շարք զարգացումներ կարող են տեղի ունենալ, սակայն չեմ կարծում, որ իշխող կուսակցության կազմում կան անձիք, ովքեր պահանջում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Դա պետք է, որ Սարգսյանն էլ հասկացած լիներ, որ որոշում կայացրեց արձանագրությունները հետ կանչեք խորհրդարանից։
Թուրք ժողովուրդը հայերի կամ Հայաստանի մասին քիչ գիտի։ Այս հարցը ինչպե՞ս է լուծվելու։
Սա իրականում դժվար հարց է, քանի որ հայերի հետ կապված բավականին շատ նախապաշարումներ կան։ Իսկ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը շատ քիչ է։ Վերջին տարիներին շատ համալսարանականներ եւ լրագրողներ են փոխանակման ծրագրերով այցելել Հայաստան, սակայն պետք է դեռ շատ մարդկանց տալ հնարավորություն այցելել եւ զբոսնել Հայաստանում։
Պետք է նաեւ նշել, որ Գեզի այգու դիմադրությունից հետո լրիվ նոր քաղաքական գիտակցության հասած, մշտապես իշխանությունների գործողությունները հետաքննող, անարդարությունների դեմ զգայուն եւ հասարակությանը փոխելու պոտենցիալով հասարակական զանգված է ստեղծվել։ Գեզի այգու դեպքերից հետո թաղամասերի ֆորմատով էլ ընդդիմադիր այլընտրանքային կազմավորումներ են ծնվել։ Իմ կարծիքով՝ այս զանգվածը կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար դերակատարություն ունենալ։
Դուք Հայաստան եկել եք եւ հայ ժողովրդին մոտիկից ճանաչելու առիթ ունեցել եք։ Ըստ ձեզ՝ թուրք ժողովո՞ւրդը, թե՞ հայ ժողովուրդն է ավելի պատրաստ բարեկամության։
Պետք է իրատես լինել։ Շատ պարզ մի տարբերություն կա։ Հայ հասարակության համար թուրքիացիների հետ բարեկամությունը սգո ժամանակահատվածը հետեւում թողնելով ներքին հանգստության հասնելու իմաստն ունի։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի կողմից ժխտողականության վերջ տալը կարեւոր է Հայաստանի համար։ Մի քիչ դժվար է ասել, որ Թուրքիայում հասարակության մեծ մասը կարեւորում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Դրանում մեծ է քեմալիզմի ու պետական պատմության դերը։
Սակայն պատմության հետ առերեսված, Թուրքիայի համար որպես ազատ երկիր պայքարող զանգվածի համար Հայկական հարցի հետ կապված խնդրի կարգավորումը շատ կարեւոր է։ Ամեն տարի Հրանտ Դինքի հիշատակման եւ ապրիլի 24-ի սգո միջոցառումների մասնակիցների թիվն աճում է։ Սա շատ մեծ հույս տվող զարգացում է։





























