Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փերթլոուն որոշել է փորձել մեկ շաբաթ 29 դոլարով ապրել: Հենց այդքան գումար է ԱՄՆ-ում պարենային օգնության ծրագրի շրջանակում հատկացվում անապահով ընտանիքներին:

Փելթրոուն, ով հայտնի է իր անթերի ոճով եւ սլացիկ կազմվածով, բացառապես օգտակար մթերքներ է գնել. բրինձ, սեւ լոբի, ձու, կանաչեղեն, լոլիկ, ավոկադո, սոխ, սխտոր եւ նույնիսկ լայմ: Միաժամանակ, ցուցակում չեն ընդգրկվել մսամթերք եւ կաթնամթերք:

Դերասանուհին փորձ է անցկացնում ակցիայի շրջանակում, որի նպատակն է՝ ապացուցել, որ օրական 4.3 դոլարով ապրելն անհնար է, եւ հարկավոր է ավելացնել պարենամթերքի գնման համար նախատեսված ծրագրի ֆինանսավորումը:

Ներկայում ԱՄՆ շուրջ 47 մլն բնակիչներ պետական աջակցության ծրագրի շրջանակում սննդամթերքի կտրոններ են ստանում: Դրանցով թույլատրվում է գնել ձավարեղեն, մակարոնեղեն, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ, ոչ ոգելիչ ըմպելիքներ, կոնֆետ, թխվածքաբլիթ եւ նույնիսկ ծովամթերք, սթեյք եւ պաղպաղակ: