Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն ու կոշտ արտահայտություններն արդարացված չեն: Ապրիլի 13-ին նման տեսակետ է հայտնել Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքական իշխանությունների կոշտ տոնայնությունն ինձ թվում է արդարացված չէ, հատկապես հաշվի առնելով, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II Պապն արդեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանել էր ցեղասպանություն»,-ասել է Ջենտիլոնին:

Նա հավելել է. «Մենք միշտ երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին ու Թուրքիային, հրավիրել ենք երկխոսության՝ նման իրավիճակներից խուսափելու համար, որոնք կարող են հարաբերությունների վերականգնման խոչընդոտ դառնալ»: