Հայտնի է դարձել, որ Անկարան անհանգստացած է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհետեւի Հռոմի Պապին եւ նույնպես կարտասանի ցեղասպանություն բառը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված զարգացումները ծանր դրության մեջ են գցել թուրքական իշխանություններին, իսկ ապրիլի 12-ի Վատիկանի պատարագից եւ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունները շոկի մեջ են ընկել:
Թուրքագետը Թուրքիայի վարչապետի, ԱԳ նախարարի եւ մյուս պաշտոնյաների հապճեպ արձագանքն ու Վատիկանում Թուրքիայի դեսպանին Անկարա կանչելն այս ամենի վկայությունը համարեց՝ շեշտելով, որ Թուրքիայի կողմից Հռոմի Պապին հակազդեցությունը ուժեղացրեց Պապի ելույթի ազդեցությունը:
«Այսինքն, Թուրքիան իր քայլերով ստիպեց, որ ավելի մեծ ուշադրություն սեւեռվի Հայոց ցեղասպանության մասին Պապի հայտարարությանը եւ աշխարհն ավելի մանրամասն ծանոթանա դրա բովանդակությանը։ Սրա ապացույցն էլ համաշխարհային լրատվամիջոցների արձագանքներն են։
Թուրքիան շատ ծանր տարավ Հռոմի Պապի հայտարարությունը, քանի որ այն 100-րդ տարելիցին է ասվում եւ հենց ապրիլին, ավելին պատարագն էլ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիան անհանգստանալու լուրջ պատճառներ իրոք ունի, քանի որ Հռոմի Պապն իր հայտարարությունով դժվարին կացության մեջ է դրել այն երկրների առաջնորդներին, ովքեր Թուրքիայի հետ կապված ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով խուսափում են արտասանել ցեղասպանություն բառը»-ասաց բանախոսը՝ հավելելով, որ Հռոմի Պապն այսօր իրապես մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի եւ նրա իրականացրած պատարագն ու հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ կարող են լուրջ առաջնթաց ապահովել:
Իսպիրյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հռոմի Պապն ուղղակի առհամարեց թուրքական սպառնալիքները եւ հայտարարության հաջորդ օրը անուղղակի ձեւով պատասխանեց Թուրքիային՝ շեշտելով, որ եկեղեցու ճանապարհն անցնում է անկեղծությամբ եւ պետք է լինել խիզախ, առանց վախի խոսելու ազատություն ունենալ, լսած ու տեսած չարիքի առաջ չլռել։
Բանախոսը նշեց, որ հայտնի է դարձել, որ Պապի հայտարարությունից թուրքական իշխանությունների մոտ անհանգստություն է առաջացել, որ Օբաման կարող է հետեւի Պապին եւ այս անգամ ասի ցեղասպանություն եզրույթը, որը կանխելու համար Անկարան որոշում է կայացրել ուժեղացնել ԱՄՆ-ում կատարվող աշխատանքներն ու ճնշումը Օբամայի վարչակարգի դեմ։




























