Թուրքիան Ռուսաստանին հուսալի գործընկեր է համարում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով: Այս մասին ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
«Այս տարի մենք նշում ենք Թուրքիայի Մեծ ազգային ժողովի բացման, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 95-ամյակը: Դրանք շատ նշանակալի իրադարձություններ են մեզ համար: Մենք ուրախ ենք նշել, թե որքան ակտիվորեն են զարգանում մեր հարաբերությունները: Այդ առիթով մենք Ռուսաստանին տեսնում ենք որպես հուսալի ու կարեւոր գործընկեր ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային ու գլոբալ մասշտաբներով»,-ասել է Չիչեքը:
Նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչը դրական ազդեցություն է ունենում առեւտրատնտեսական կապերի վրա:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր միխրոհրդարանական կապերին: Հայտնի է, որ Ռուսաստան է այցելել բարեկամության խումբ, բայց մենք չպետք է կանգ առնենք երկկողմ հարաբերությունների վրա, այլ զարգացնենք մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում, միջազգային կազմակերպություններում»,-հավելել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը:





























