NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Los Angeles Times -ում լույս տեսած խմբագրական հոդվածը։
Կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համարձակ քայլ կատարեց՝ սուրբ Պետրոսի տաճարում 1.5 մլն հայերի ջարդերի հիշատակին նվիրված պատարագ մատուցելով եւ դրանք ցեղասպանություն որակելով։ Այդ պատճառով Թուրքիայի կառավարությունն իր մոտ էր կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին՝ բողոքի նոտա հայտնելու համար, ինչպես նաեւ հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Պապի հայտարարությունը, որը ոչ մի կապ չունի պատմական փաստերի եւ իրավական հիմքերի հետ, պարզապես անթույլատրելի է»։
Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանություններից մեկ ամբողջ հարյուրմայակ անց թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել փաստացի հաստատված պատմական այն իրողությունը, որ Թուրքիան պատասխանատու է առաջին ցեղասպանության համար, որից հետո անցել է էթնիկ, կրոնական եւ քաղաքական աբսուրդ բռնության 100 տարի՝ Հոլոքոստից մինչեւ Կամբոջա եւ Ռուանդա։
Թուրքիայի երեսպաշտ տեսակետը ի սկզբանե գործած հանցագործությանը ավելացնում է նաեւ ժխտողականության վիրավորանքը։ Իսկ ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի դիմադրողականության մասնակիցն է առաջին հերթին իրական քաղաքականության պատճառով, որը ստիպում է անում հարգել ռազմավարական դաշնակցի շահերը աստիճանաբար առավել անկայուն դարձող աշխարհում։ Ահա ինչու ամերիկացի նախագահները բազմիցս հրաժարվել են կատարվածը ցեղասպանություն որակել։
Թեեւ Բարաք Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել «Հայոց ցեղասպանությունը» ։ Մինչ օրս նա խուսափում է դա անելուց ամենամյա ելույթի ժամանակ օգտագործելով չափազանց բառացի խոսք՝ դատապարտելով «Մեծ Եղեռնը», ինչպես այն անվանում են հայերը։
Սակայն ինչպե՞ս կարելի է հիշել, եթե չես ճանաչում այդ փաստը։ Օբաման ասել է, որ «փաստերի ամբողջական, բաց եւ արդար ճանաչումը մեր ընդհանուր շահերից է բխում։ Այդուհանդերձ, նա շարունակում է մասնակցել իր դաշնակցի հանդեպ հավատարմության պահպանելուն ուղղված «դիվանագիտական պարը»։
Ճշմարտություն է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ դրանք արժի պահպանել, բայց ոչ պատմությունը ժխտելու հաշվին։ Նախագահը պետք է հետեւի Պապի օրինակին եւ ցեղասպանություն բառը ընդգրկի ջարդերի 100-ամյակին նվիրված ուղերձի մեջ։ Ամուր ընկերությունը պահանջում է հենց նման ազնվություն։




























