Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած, «Արտաշատ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկը, բուժքույրը եւ վարորդը հիվանդանոցից դուրս են գրվել, սակայն դեռեւս չեն աշխատում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Նրանց խոսքով՝ բուժքույրը՝ Լիանա Համբարձումյանը, վիրահատվել է, ունի բազմաթիվ կոտրվածքներ եւ այժմ ամբուլատոր բուժում է ստանում, իսկ վարորդի՝ Հրաչ Կարապետյանի եւ բժշկի՝ Խաչատուր Միսակյանի վիճակը բավարար է:
«Նրանք երեքն էլ անաշխատունակության թերթիկ ունեն: Պարզ չէ, թե երբ կանցնեն աշխատանքի»,- ասաց հիվանդանոցի տնօրենի բուժգծով տեղակալ Աշոտ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Միսակյանը գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի թեթեւ սալջարդ, ողերի մի քանի կողմերի ելումների կոտրվածքներ էր ստացել:
Լիանա Համբարձումյանի մոտ արձանագրվել էր գանգուղեղային վնասվածք, դիմային գանգի ոսկորների կոտրվածք, թոքերի թեթեւ սալջարդ, աջից բազուկոսկրի կոտրվածք, ձախից թիակոսկրի կոտրվածք:
«Շտապօգնության» մեքենայի վարորդի՝ Հրաչ Կարապետյանի մոտ արձանագրվել էր ծանր աստիճանի թոքերի սալջարդ, երիկամների սալջարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին, որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ մարտի 16-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործով ձերբակալված անձ դեռեւս չկա:





























