Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ՝ ռուսաց լեզու եւ մասնագիտական: Այս մասին նշվել է այսօր՝ Երեւանում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գեւորգիեւսկու հանդիպման ժամանակ:

Ռուսական պատվիրակության կազմում էին` Երեւանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուեւը եւ ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը:

Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի եւ ՄՊՀ-ի ռեկտորի միջեւ Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի կնքումից կարճ ժամկետ անց նախագիծը կյանքի է կոչվում: «Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարեւորություն, որովհետեւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսեւորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,-նշել է նախարարը:

ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գեւորգիեւսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչեւի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ եւ փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը եւ կամրապնդի գիտակրթական եւ մշակութային կապերը երկու երկրների միջեւ:

ՄՊՀ-ի Երեւանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացանը, հետեւաբար` կրթության որակի աճին: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կթրություն` մոսկովյան բուհի չափանիշներով: Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաեւ, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու եւ մասնագիտական քննություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման եւ այլ հարցերի: