Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԱՊՀ անդամ պետությունների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության վրա հղումով։
«Պետության ղեկավարը ստորագրել է «ԱՊՀ անդամ պետությունների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում։ Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ երկրների ինտեգրված արժութային շուկայում արտարժույթով կոնվերսիոն գործողություններ կատարելիս ռեզիդենտ բանկերի մասնակցության համար փոխշահավետ եւ իրավահավասար պայմաններ ստեղծել։ Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է այլ երկրների ռեզիդենտ բանկերի մուտքը իր ազգային արժույթի շուկա միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու համար նույն պայմաններով, որ գործում են այդ երկրի ռեզիդենտ բանկերը:





























