Ադրբեջանում անցած տարվա օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը:

«Ինչպես գիտեք, Կարեն Պետրոսյանի մահվան առթիվ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել, փորձաքննություններ էին նշանակվել: Հիմա սպասում ենք, որ փորձաքննության պատասխանները ստացվեն, նյութերն ամբողջությամբ հավաքվեն, որից հետո քրգործը կասեցվի, որ մենք դիմենք ՄԻԵԴ»,- ասաց փաստաբանը:

Քրիստինա Գեւորգյանից բացի՝ խմբում ընդգրկված են նաեւ Լարիսա Ալավերդյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը:

Նշենք, որ այս գործով զբաղվում է ԱԱԾ-ն, որը հունվարին ստացել էր  դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, սակայն  արդյունքները չեն հրապարակում, քանի դեռ նախաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին: