Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում բացվել է արեւմտահայ բանաստեղծի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է միջոցառմանը ներկա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանին եւ դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին: Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Սիամանթոյի ստեղծագործություններից: Կրթօջախի երգչախումբն էլ կատարել է Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» եւ «Սրինգ» բանաստեղծությունների հիման վրա Դանիել Երաժշտի կողմից գրված երգերը: Կրթօջախի հյուրերն ու համակազմը ծաղիկներ են խոնարհել Սիամանթոյի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով բանաստեղծի հիշատակին:

Ներկաներին ուղղված իր խոսքում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում իր առանձնահատուկ խորհուրդն ունի նաեւ Մեծ եղեռնի զոհ դարձած արեւմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրու բացումը:

«Քանդակն իսկապես շատ տպավորիչ է: Արեւմտահայ խոշորագույն պոետի ոգին, որ մարմնավորված է այս քանդակում, միեւնույն ժամանակ արտացոլում է Պոլսո մշակույթի ամբողջականությունը, որովհետեւ նրան նայելով՝ մենք, անշուշտ, նաեւ վերհիշելու ենք մյուս բոլոր մտավորականներին, ովքեր եւս դարձան եղերական 1915-ի անմեղ նահատակները: Սիամանթոյի այս քանդակը՝ նրա իսկ բանաստեղծական ոգով, մշտապես ամենքիս ու հատկապես այս հրաշալի երեխաների մեջ մեր արդար պահանջն է արթնացնելու, որ փոխանցվելու է սերնդեսերունդ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Հարկ է նշել, որ Սիամանթոյի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը: