ԱՄՆ Նեւադա նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ են ընդունել:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ կոչ են անում ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:

Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրեւ պատվավոր հյուրեր, ներա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:

Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսեւորում է ոչ միայն հայերի, այլեւ ճշմարտության, արդարության եւ մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկամամբ իրենց հանձնառության համար:

Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ: