Ճապոնական Յամանասի նահանգում մագնիսական բարձիկով գնացքների արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: JR Tokai երկաթուղային ընկերությունից հաղորդել են, որ 18 կմ-անոց փորձադաշտում փորձնական երթեւեկության ընթացքում գնացքը 590 կմ/ժ արագություն է զարգացրել:
Ընկերությունում նաեւ հաղորդում են, որ սա մագնիսական բարձիկով գնացքների արագության համար առավելագույն ցուցանիշը չէ: Այստեղ հույս ունեն առաջիկայում այն հասցնել մինչեւ 600 կմ/ժ-ի:
Նախորդ ռեկորդը ճապոնական նույն նահանգում սահմանվել էր 2003 թվականի դեկտեմբերին՝ 581 կմ/ժ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մագնիսական բարձիկով գնացքի ստեղծման աշխատանքները Ճապոնիայում մեկնարկել են դեռեւս 1970-ական թվականներին, սակայն ճապոնական իշխանությունները միայն 2011 թվականին են հավանության արժանացրել մագնիսական բարձիկով գնացքների առաջին կոմերցիոն գծի շինարարության նախագիծը: Սպասվում է, որ 2027 թվականին այդ ուղին կմիացնի Տոկիո եւ Նագոյա քաղաքները: Նախագծի համաձայն, երկու քաղաքների միջեւ ընկած 286 կմ-ը գնացքը կանցնի 40 րոպեում:





























