«Օֆշորի» գործով նախաքննության ժամկետը օրեր առաջ եւ արդեն վերջին անգամ երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ երկու ամսով երկարացվել է թե նախաքննության, թե իր պաշտպանյալի կալանքի ժամկետը, այն կլրանա հունիսի 19-ին: Քննության եւ կալանքի ժամկետը այս դեպքում հաշվարկել են Աշոտ Սուքիասյանի Հայաստան տեղափոխումից հետո:
Փաստաբանից տեղեկացանք, որ այս ընթացքում մի քանի անգամ Աշոտ Սուքիասյանը հարցաքննվել է, բոլոր եզրակացությունները ավարտվել են: Գործի շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, եղել են առերեսումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով պարզվել են հարկային պարտավորություններ, գումարային շահ եւ այլն: Հարցաքննվել են պաշտոնյաններ գործի շրջանակներում, թե ոչ, փաստաբանը չի կարող ասել: Նա կարծում է, որ իր պաշտպանյալի մեղավորությունը ապացուցված չէ: «Հիմնական մեղադրանքը խարդախություն, փողերի լվացում է, բայց ոչ Աշոտ Սուքիասյանն է դիմել Փայլակ Հայրապետյանին, ոչ էլ նրա վստահությունն է չարաշահել, ոչ էլ խնդրել, որ գույքը գրավադրի բանկում: Տրվել է լիազորագիր, կա կնքված պայմանագիր, ռիսկայնությունը կողմը վերցրել է իր վրա: Հիմա այդ մարդը մեծ գույք է կորցրել, պետք է մեկից ուզի, բանկը չի տալիս, Աշոտ Սուքիասյանից է ուզում: Այստեղ խարդախություն չկա, ոչ էլ կալանքի հիմքեր կան, քաղաքացիաիրավական հարաբերություններ են, սա գործարք է, ինքը չի խաբել ոչ մեկի: Աշոտ Սուքիասյանին են խաբել, գումարներ է փոխանցել Աֆրիկա, որ հանքի 66 տոկոսը իր անվամբ գրեն, ռեգիստրի կեղծ փաստաթուղթ են ներկայացրել»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:





























