Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հասարակությունում աճող ռասիստական տրամադրությունների սպառնալիքի դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել: Ըստ Associated Press-ի, ծրագրի արժեքը 100 մլն եվրո է:

«Ռասիզմը, հակասեմականությունը, մահմեդականների հանդեպ ատելությունը, հոմոֆոբիան եւ անհանդուրժողականության այլ տեսակները շարունակում են աճել հասարակության շրջանում»,- Փարիզի արվարձանում հրեական զույգի վրա դեկտեմբերյան հարձակման վայրում հայտարարել է Վալսը:

Gazeta-ի փոխանցմամբ, ծրագիրը թույլ կտա իրավախախտումների եւ հանցագործությունների գործերի դիտարկման ժամանակ անհանդուրժողականության շարժառիթները ծանրացուցիչ հանգամանք դարձնել: Մեկ այլ ուղղություն կլինի համացանցում ռասիզմի եւ հակասեմականության դեմ պայքարը՝ դպրոցական միջավայրում ազգամիջյան կոնֆլիկտները կանխելու համար:

Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի տվյալներով, հունվարին Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո հակամահմեդական հարձակումների թիվն աճել է: Ոստիկանության վիճակագրությունն էլ մատնանշում է հակասեմականության հողի վրա հանցագործությունների կրկնակի աճը: