Հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության համար այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց 500 000-ական դրամի չափով տուգանք կիրառել անձեռոցիկի արտադրությամբ զբաղվող «Միկօֆարտ», «Թագուհի Կլեոպատրա», «Ավտո Ռոսսի», «Ղ.Հ.Ա.Կ.» ՍՊԸ-ների եւ Ա/Ձ Զ.Մովսիսյանի ու Կ.Գրիգորյանի նկատմամբ:
Այս սուբյեկտների կողմից արտադրված եւ իրացվող անձեռոցիկների տուփերի վրա բացակայում են անհրաժեշտ նշումները, մասնավորապես` անձեռոցիկների քանակը, ինչը կարող է ապակողմնորոշել սպառողին:
Կողմնորոշվելով դեպի ցածր գինը՝ սպառողը կարող է չիմանալ, որ արդյունքում ձեռք է բերում ավելի քիչ քանակով ապրանք:
Այս առթիվ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նիստի ընթացքում ասաց, որ սպառողները արդարացիորեն դժգոհում են, որ հանրապետությունում իրացվում են նմանատիպ տուփերով անձեռոցիկներ, որոնց պարունակությունը բավականին տարբեր է, ընդ որում՝ տարբերությունը կարող է հասնել մի քանի անգամի։ Քանի որ սպառողը նախապես չի կարող իմանալ, թե տուփի մեջ քանի անձեռոցիկ կա, ստեղծվում է անհավասար մրցակցություն։




























