Գյումրիում  ապրիլի 18-ին  մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները ակտիվորեն գործողություններ են անում՝ բացահայտելու սպանությունը:

Մեզ հայտնի է դարձել, որ սպանված աղջիկը աշխատում էր Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում՝ որպես հավաքարար: Ընտանիքի մայրը ուներ նաեւ որդի, ով ապրում եւ աշխատում է ՌԴ-ում: Ասում են, թե մայր ու աղջիկ ապրել են բարեկեցիկ կյանքով, աղջիկը «բռլիանտներով» աշխատանքի էր գնում, ունեն ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում ապրող հարազատներ, ովքեր էլ գումար էին ուղարկում իրենց, իսկ իրենք էլ «տոկոսով» էին տալիս: Այժմ քննչական խումբը տնից վերցրել է պարտատերերի ցուցակը եւ հերթով բոլորին կանչում է հարցաքննության: Հակված են մտածել, որ սպանությունը կատարողը ընտանիքին ծանոթ, մոտ մարդ է եղել, այլապես նրանք դուռը անծանոթին չէին բացի: Դեպքի ժամանակ մայր ու աղջիկ հաց էին ուտում: Շրջանառվում է վարկած, որ ինչ-որ մեկը իմացել է, որ տունը փող կա, այդ պատճառով էլ եկել է «հյուր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում սպանություն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մորն ու աղջկան՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակնուվրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175 եւ 104 հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով: