ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանն  այսօր` հուլիսի 28-ին  կառավարությունում  հանդիպել է  «Ապագան քոնն է» ՀԿ-ի երիտասարդների հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակը  «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով  իրականցվող աշխատանքների քննարկումն էր։

Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ինչպես եւ դեղերի մասին ՀՀ օրենքները`   փորձել է բացահայտել այդ  օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ  դառնալ։ 

Ուսանողների կողմից  բարձրացված տարբեր հարցերի շուրջ  ծավալվել է  շահագրգիռ քննարկում։ Բուհերի անարդյունավետ կառավարում, առողջապահություն, մասնավորապես` դեղերի ոլորտում խնդիրներ, սփյուռքի հետ համագործակցության խթանում եւ կոռուպցիա. սրանք էին հարցերի  այն շրջանակը, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին։ Տիգրան  Սարգսյանը ներկայացրել է դրանց լուծման տարբերակներն ու ընդգծել, որ այդ հարցերի շուրջ երիտասարդների առաջարկներին կառավարությունում անպայման ուշադրություն կդարձնեն։

Վարչապետի հետ  հանդիպման ժամանակ ներկայացվել են  նաեւ հիշյալ օրենքների  հետ կապված դիտարկումներ եւ առաջարկություններ, որոնք  ավարտուն տեսքի կբերվեն օգոստոսի 24-27-ը կազմակերպվելիք  հակակոռուպցիոն եռօրյա ճամբարի ընթացքում եւ կներկայացվեն կառավարությանը։