Ժամեր առաջ փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ` հուլիսի 27-ին  Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիահերձումը, որին ներկա են գտնվել նրա հարազատները: Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձեւ վնասվածքներ, իսկ թեւերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականության հետ որեւէ առնչություն չունի: Վարկածը, որը շտապեց առաջ բերել նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը այն հիմնական վարկածն է, որով մշտապես առաջնորդվում է հենակետերում տեղի ունեցած նման միջադեպերի ժամանակ: Այս մասին գրում է Lragir.am-ը:

«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով»,- ողբում էր մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, եւ մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում եւ այլն:

Արտակը մասնագիտությամբ արեւելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ եւ 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել: Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով:

Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր եւ երբեք նման քայլի չէր գնա»,- համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչեւ վերջ պայքարելու են գործը բացահայտելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:

Լուսանկարը՝ lragira.am-ի