Կոտայքի մարզում բրուցելոզ է հայտնաբերվել 19 հոգու մոտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ մարզի 219 բնակչից վերցվել էր նմուշառում, արդյունքում՝ բրուցելոզ է հայտնաբերվել 19-ի մոտ: Նրանք Կոտայքի մարզի տարբեր համայնքներից են՝ Սոլակ, Բջնիի եւ այլն: Այժմ պարզվում է, թե ինչպես պետք է կազմակերպվի նրանց բուժումը, կատարվում է բժշկական զննություն, որի արդյունքներից հետո հայտնի կդառնա, թե ում կհոսպիտալացնեն եւ ով կստանա ամբուլատոր բուժօգնություն:
Ինչ վերաբերում է Սոլակի բնակիչներին, ապա նրանցից 6-ը հոսպիտալացված է, գտնվում են «Հրազդան» եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցներում, վիճակը բավարար է, առկա է դրական դինամիկա, մեկ հոգի էլ ստանում է ամբուլատոր բուժզննում: Լիանա Թորոսյանը նշեց, որ բնակչության մնացած մասին, ովքեր դեռ անալիզ չեն հանձնել, ընդգրկում են հետազոտությունների մեջ:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին:





























