ՀՀ կառավարությունն իր այսօրվա` հուլիսի 29-ի նիստում պետք է հաստատեր «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագիրը, սակայն հարցը ներկայացնող Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի առաջարկով՝ հարցը հանվել է օրակարգից՝ «լրամշակումներ կատարելու անհրաժեշտության» պատճառաբանությամբ։
Հավանական է, որ այստեղ դեր են խաղացել այլ հանգամանքներ։ Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը իրականում սկսվել է մոսկվաբնակ մեծահարուստներ Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների 20 մլն դոլար նվիրաբերության շնորհիվ։ Այն նախատեսում է վերանորոգել Տաթեւի վանքի համալիրը, կառուցել աշխարհում ամենաերկար Հալիձոր-Տաթեւ ճոպանուղին, ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածքներ։
Ռուբեն Վարդանյանի մեկ այլ ծրագիր էր Դիլիջանում անգլիալեզու դպրոցի կառուցումը, որը հայ հանրության կողմից միանշանակ չընդունվեց։ Ռ. Վարդանյանը Հանրային խորհրդին ուղղված նամակում հրաժարվեց դպրոցը կառուցելու ծրագրերից՝ իր դժգոհությունը հայտնելով նաեւ հասարակական քննարկումների բնույթի վերաբերյալ։ Չի բացառվում, որ Ռ. Վարդանյանը սառեցնի կամ ամբողջովին հրաժարվի նաեւ Տաթեւի ներդրումներից։ Այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի ֆինանսավորման այլ աղբյուրներ փնտրել։ Հավանական է, որ հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել ծրագրի ընդունման հետաձգման համար:




























