Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ հռչակագիր են ընդունել, որտեղ նշվում է, որ կողմերը ցանկանում են շարունակել համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք չեն հակասում Երեւանի պարտավորություններին, որոնք նա ձեռք է բերել այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Այս մասին, Երեւանում, այսօր՝ ապրիլի 27-ին, Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով բելգիացի լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագաթաժողովից, այն դեպքում, երբ Հայաստանը ադնակացել է ԵՏՄ-ին:

«Վստահ եմ, որ այդ մասին մենք կհայտարարենք նաեւ Ռիգայի գագաթաժողովում»,-ընդգծել է Նալբանդյանը:

Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշել է. «Ռիգայի գագաթաժողովում մենք կցանկանայինք, որպեսզի «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ յուրաքանչյուր երկիր իր ներուժի եւ արդեն արձանագրած հաջողության հիման վրա կարողանա ավելի առաջ գնալ: Մենք միշտ մտածում ենք, որ պետք է աշխատենք տարբեր գործընկերների հետ: Այն փաստը, որ ԵՄ-ի հետ ստորագրվել են պայմանագրեր, չի նշանակում, որ չի կարելի պայմանագրեր ունենալ նաեւ այլ հարեւանների հետ, օրինակ Ռուսաստանի կամ ասիական երկրների»: