Մայիսին հանրապետության ամբողջ տարածքում տեղումների քանակը նորմայից բարձր է լինելու: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ  տեղումները լինելու են անձրևի տեսքով` երեկոյան ժամերին և գիշերը։

«Մայիս ամիսն ամենակարկտավտանգ ամիսներից մեկն է, և այս տարի նույնպես հանրապետության որոշ տարածքներում սպասվում է կարկուտ, որը մեր կլիմայական պայմանների համար պարզապես անխուսափելի երևույթ է, սակայն օդի ջերմային ֆոնը սպասվում է նորմայի սահմաններում: Ամսվա առաջին տասնօրյակում, պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ, հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի անկում ` մինչև 0-5 աստիճան, իսկ ասմվա երկրորդ տասնօրյակում, երբ հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +21-ից մինչեւ 24 աստիճան»,-ասաց Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանի խոսքով` Արարատյան դաշտավայրում ամսվա առաջին տասնօրյակում գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկում  +5-ից մինչեւ 9 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակներում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 30-32 աստիճան: Տավուշի մարզում և Լոռիում ամսվա առաջին օրերին գիշերային ջերաստիճանը կնվազի մինչև +1-ից 6 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում ցերակային ժամերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում` մինչև 20-25 աստիճան։