Թուրք գործիչները շարունակում են մեղադրանքներ հասցեագրել բոլոր այն երկրներին, որոնք համարձակություն են ունեցել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Թուրքիայի ազգայնական շարժման առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, թե Գերմանիան ինքը պետք է առերեսվի իր անցյալին։ «Այդ մենք չենք Հիտլեր ծնել։ Այդ մենք չենք գազի խցիկներում մարդկանց սպանել»,- ասել է նա։
Նշենք, որ Գերմանիայի Նորդռայն Վեսթֆալեն դաշնային հողի Օբերհաուզեն քաղաքի König-Pilsener-Arena համալիրում գերմանաբնակ թուրքերի շրջանում տարվող իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ազգայնական շարժման առաջնորդը հանդիպել էր 10 000 թուրքերի, որոնք հավաքվել էին ՝ լսելու շարժման առաջնորդի նախընտրական ելույթը։
Բահչելին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցով Գերմանիայում վերջին իրադարձություններին, գերմանացիներին հիշեցրել էր «սեփական մեղքերը», գրում է Der Westen-ը։
«Բոլորը մեզնից ներողություն են սպասում՝ քրդերը, հայերը, ասորիները, բոլորը բողոքում են մեզնից։ Նրանք բոլորը ցեղասպանության հարցում լոբբինգ են գործադրում։ Նրանք ցանկանում են սեւացնել Թուրքիային։ Սակայն ինչպե՞ս կարող է Գերմանիան խոսել ցեղասպանությունից։ Մենք բախտակիցներ ենք եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերմանացիները առաջին հերթին պետք է սեփական անցյալին առերեսվեն։ Այդ մենք չենք Հիտլեր ծնել։ Այդ մենք չենք գազի խցիկներում մարդկանց սպանել։ Թուրքիան երբեք ցեղասպանություն չի կատարել»,- հայտարարել է թուրք ազգայնականը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու։



























