Սիրիայի Հալեպ քաղաքի Հին Հալեպ թաղամասում ապրիլի 26-ի ռմբակոծությունից տուժել է ոչ միայն Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին, այլեւ թաղամասի մյուս հայկական շինությունները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Հալեպի թեմի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, քանի որ շրջանի հայկական ընտանիքները տեղափոխվել են այլ վայր:
«Նյութական վնասները, սակայն, բավականին շատ են: Հենց նույն օրը Քեսաբի երկու հայկական եկեղեցիներն էլ են ռմբակոծվել: Իսկ Հին Հալեպ թաղամասի ռմբակոծումից տուժել են բոլոր հայկական շինությունները, այդ թվում վարժարանը, մշակութային կենտրոնը»,- հայտնեցին Հալեպի թեմից:
Նշենք, որ ապրիլի 26-ին Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները ռմբակոծել եւ ավերել են 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին, որը գտնվում էր Հին Հալեպ թաղամասում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օրեր առաջ Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիա թաղամասի հրթիռակոծումից վիրավորվել է մի քանի հայ։ Հրթիռակոծումը զգալի նյութական վնաս է հասցրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժել է Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։ Սուլեյմանիա եւ Սեյիդ Ալի թաղամասերի վրա արձակված հրթիռների հետեւանքով վիրավորվել է 47 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։





























