Հայաստանում ինքնասպանությունների մակարդակը անմիջականորեն կախված չէ երկրի սոցիալական վիճակից։ Այս մասին ապրիլի 29-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Նա նշեց, որ ինքնասպանությունների մակարդակը չի կարող չանհանգստացնել Կառավարությանը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2012-2014թթ. ինքնասպանությունների քանակը պակասել է՝ 214, 206, 168 ինքնասպանություն համապատասխանաբար։ «Դա իհարկե չի հանգստացնում մեզ, առավել եւս, որ 2015թ. առաջին եռամսյակում աճել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվը՝ 54 ինքնասպանություն եւ 143 փորձ։
Այդուհանդերձ, ինքնասպանության հակումները ուղղակի կապ չունեն երկրի սոցիալական վիճակի հետ։ Զարգացած երկրներում ինքնասպանությունների քանակը 1.7 տոկոս է, իսկ զարգացող երկրներում՝ 1.4։ Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ այդ հարցում շատ կարեւոր է հոգեբանական աշխատանքը։ Եվ իհարկե դժվար է գերագնահատել այդ տխուր իրադարձությունների լուսաբանման գործում մամուլի զսպվածության դերը»,- ասաց նախարարը։





























