NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի նախագահ, վերլուծաբան Քլիֆորդ Մեյի՝ «The Washington Times»-ում հրապարակված հոդվածը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության շենքից դուրս անցյալ շաբաթ հսկայական պաստառ էր տեղադրվել՝ «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է» գրությամբ: Այդ հայտարարությունը կարող էր զվարճալի թվալ, եթե թեման այդքան սարսափելի չլիներ: Հարյուր հազարավոր հայերի սպանությունն իրականացվեց 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում: Այդ պատճառով, դա իմպերիալիստական հանցագործություն էր, որը փորձագետների մեծ մասը կոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կարծիքը, որ որեւէ այլ կայսրություն Թուրքիայի դեմ զրպարտանք է հորինել, ծիծաղելի է:

1920-ական թվականների սկզբին՝ Առաջին աշխարհամարտից հետո ընկած ժամանակաշրջանում, պարտություն կրած Օսմանյան կայսրությունն ու իսլամական խալիֆայությունն անկում ապրեցին: Դրանց մոխրի վրա էլ առաջացավ Թուրքական Հանրապետությունը: Ժամանակակից Թուրքիան շարունակում է զբաղեցնել հայկական հողերը: Արարատ լեռը, որի վրա, առասպելի համաձայն, ջրհեղեղից հետո կանգ է առել Նոյան տապանը, Հայաստանի սրբությունն է, այդ ազգի խորհրդանիշը: Այն կարելի է տեսնել աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից մեկից՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանից: Սակայն Արարատ լեռն այն տարածքում է, որը ներկայում Թուրքիան է զբաղեցնում:

Այսօր ջիհադը, որը ներառում է հետապնդումներ եւ կոտորածներ, կրկին իրականացվում է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի մեծ մասի քրիստոնյաների դեմ: Այդ հանցագործություններն իրականացնողների մեծ մասն իրեն նոր խալիֆայության մարտիկ է համարում:

Թուրքական դեսպանության շենքի վրա կախված մեկ այլ պաստառ Հայաստանի հետ «հաշտեցման» կոչ է անում: Իհարկե,այդ գործընթացը պետք է սկսվի ճշմարտությունն ասելուց: Դրա փոխարեն Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարեց. «1915 թվականի իրադարձությունների մասին հայկական պնդումները… անհիմն են»:

Եվ վերջում. 1939 թվականին, Հայոց ցեղասպանությունից հետո մեկ սերունդ անց եւ Լեհաստան ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերը ելույթ ունեցավ իր հրամանատարների առջեւ: Նա ասաց, որ «պատերազմի նպատակը» միայն տարածքային չէ: Նացիստական Գերմանիան ձգտում է նաեւ «ֆիզիկապես ոչնչացնել հակառակորդին»: Նա խոստովանեց, որ «թույլ արեւմտաեվրոպական քաղաքակրթությունը» հավանության չի արժանացնի այդ ծրագիրը: Սակայն նաեւ հավելեց, որ շուտով կմոռանա. «Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի կոտորածի մասին»: Դա մի քանի պատճառներից միայն մեկն է, թե ինչու մենք պետք է շարունակենք խոսել այդ մասին: