Ամերիկյան Բալթիմորում մեկ գիշերում 34 մարդ է կալանավորվել, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անկարգություններին: Նրանցից մեկն անչափահաս է:

Քաղաքի ոստիկանության կապիտան Էրիկ Կովալչիկը հայտնել է, որ եւս 100 մարդու մեղադրանք կառաջադրվի:

Նրա խոսքով, Բալթիմորում հիմա էլ տեղի է ունենում «մեկ խաղաղ պիկետ», որի մասնակիցներն «արտահայտվում են իրենց հուզող խնդիրների մասին»: Նա ընդգծել է, որ ոստիկանությունն ունի «բավարար հնարավորություններ», որպեսզի թույլ չտա նոր բախումներ եւ ապահովի քաղաքում կարգուկանոնը, հաղորդում է Reuters-ը:

Հուզումները Բալթիմորում սկսվել են սեւամորթ Ֆրեդի Գրեյի հուղարկավորությունից հետո: Մարդիկ դուրս են եկել փողոցէ՝ բողոքելով ոստիկանական ամենաթողության դեմ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 15 ոստիկան, կողոպտվել են մի քանի առեւտրի կենտրոններ, այրվել 144 մեքենաներ:

Մերիլենդի նահանգապետն արտակարգ դրություն է մտցրել եւ Բալթիմոր ուղարկել Ազգային գվարդիայի 1,5 հազար զինվորներ: Քաղաքում պարետային ժամ է մտցվել: