Ռուսաստանը դեմ է հարեւան երկրներում միջուկային զենքի ի հայտ գալուն եւ մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

«Մենք շահագրգռված չենք, որպեսզի միջուկային զենք ունեցող նոր երկրներ ի հայտ գան: Առավել եւս, եթե զանգվածային ոչնչացման այդ զենքը եւ հրթիռային միջոցները հայտնվել Ռուսաստանի սահմանների երկայնքով»,-ասել է նա:

Անտոնովը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի պատերազմի Ուկրաինայի դեմ: «Ես անգամ տեսականորեն դա հնարավոր չեմ համարում: Ես կարծում եմ, որ Կիեւի խելքը նույնպես կհերիքի, որպեսզի չսադրի մեզ»,-ասել է նա:

Միաժամանակ Անտոնովը դատապարտել է ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների մտադրությունը՝ զենք տալ Ուկրաինային: Նրա խոսքով, նման որոշումը սխալ կլինի, քանի որ այն դեմ է մինսկյան պայմանավորվածություններին եւ կարող է խափանել Դոնբասում հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելուն ուղղված Ռուսաստանի ու ԵՄ-ի համատեղ ջանքերը: