Գազի սակագինը հայ սպառողի համար իջեցնելու հարցով կարող է զբաղվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «Գազպրոմի» ղեկավարի հայտարարությանը, , որ ռուսական գազի սակագինը Հայաստանի համար նվազեցվում է, 190 դոլարից դառնում է 165 դոլար:

Նա նշեց, որ գազի սակագնի իջնել-չիջնելը կապված է մեթոդաբանության հետ: Սակագինը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Գազի սակագնի որոշման մեթոդաբանությունը մի ամբողջական շղթա է, եթե սահմանի վրա գազի գինը իջնում է, պետք է այդ շղթայի մեջ էլ դա երեւա, այսինքն՝ պետք է սպառողի համար որոշակի իջնի սակագինը, ու դրա նախաձեռնողը ոչ թե «Գազպրոմն» է, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ «Գազպրոմը» հայցով չի դիմի հանձնաժողովին սակագինը իջեցնելու համար, դա իրենց ձեռնտու չէ, դա պետք է նախաձեռնի հանձնաժողովը, իսկ եթե վերջինս էլ դա չի անում, պետք է տարբեր հարցադրումներով ստիպել կամ ուղղորդել դա անել:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հնարավոր է «Գազպրոմը» հայտարարի, որ այդ գումարի հաշվին ներդրումներ կկատարի., սակայն պետք է քննարկել՝ կան այդ ներդրումների կարիքը, թե ոչ, այսօր Հայաստանում գազիֆիկացման բարձր աստիճան է՝  93 տոկոս, գյուղերում նախընտրում են աթար վառել, քանի որ գազը թանկ է: