Երեւանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը եւ պատվիրակության անդամներին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ վստահեցրել, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցով երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն: Քաղաքապետը նաեւ բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ հարաբերությունները Երեւանի համար առանձնակի են կարեւորված` հատկապես հաշվի առնելով երկու քաղաքների արդյունավետ ու հաջողված փոխգործակցությունը:
«Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ առկա հարաբերություններն, իսկապես, տարեցտարի ավելի զարգանում եւ ընդլայնվում են: Քիչ անց մենք կստորագրենք երկու քաղաքների միջեւ առկա համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր պատմության մեջ: Եվ համոզված եմ, պարոն նահանգապետ, որ համագործակցության այս նոր ծրագրով մենք գործնական նոր որակ կհաղորդենք Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Սանկտ Պետերբուրգի նահանգապետն իր հերթին նշել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ էլ հեռանկարային են եղել, եւ որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման լայն հնարավորություններ է տալիս: Գեորգի Պոլտավչենկոն առանձնակի կարեւորել է նաեւ երկու քաղաքաների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու վստահեցրել է, որ դա մեծապես նպաստում է արդյունավետ համագործակցության խթանմանը:
«Հայ եւ ռուս ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են երկու պետությունների քաղաքների միջեւ աշխույժ ու դինամիկ զարգացում ապահովելու համար: Երեւանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է, եւ մենք կարեւորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Բացի այդ, Երեւանը մեզ համար նաեւ իսկապես հարազատ քաղաք է, եւ մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Եվ ինչպես տեսնում եք, պարոն քաղաքապետ, մենք այս անգամ բավականին մեծ պատվիրակության կազմով ենք այցելել Երեւան, ինչը մեկ անգամ եւս փաստում է այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք Երեւանի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Ու ես նույնպես համոզված եմ, որ ստորագրվելիք 5-ամյա ծրագիրն իսկապես նոր թափ կհաղորդի մեր փոխշահավետ համագործակցությանն ու հնարավորություն կտա ընդլայնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցությունը»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:





























