Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակումները միայն բարդացնում են Եվրամիությանն անդամակցելու Անկարայի հավակնությունների իրականացմանը։ Այս մասին ավստրիական Der Standard պարբերականին հայտնել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
Նրա խոսքով՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Անկարայի շատ կոշտ արձագանքը պետք է վերանայվի , փոխանցում է Reuters-ը։
«Այս դիրքորոշումը կարող է ժողովրդականություն վայելել երկրի որոշ հատվածներում՝ բնակչության որոշ զանգվածների շրջանում։ Սակայն ինձ անհանգստացնում է երկարաժամկետ հեռանկարների հետեւանքները։ Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան դիրքորոշման սերմեր են սերմանվում, որոնք այսօրվա հեռանկարներով ԵՄ-ին անդամակցելը բարդացնում են»,- հայտարարել է հանձնակատարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան սուր քննադատության էր ենթարկել Հռոմի Պապին, Եվրախորհրդարանին, Ավստրիային եւ Գերմանիային Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործելու համար; Անկարան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վատիկանում եւ Ավստրիայում Թուրքիայի դեսպաններին։




























