Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով մարտի 19-ին հարուցված նոր քրգործի վարույթը կարճվել է՝ առանց քննություն կատարվելու: Այս մասին NEWS.am-ին ասաց վթարից տուժած Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը, որը հաղորդում էր տվել, որ գործով բժշկական փաստաթղթերը կեղծված են:
«Միջնորդություն եմ ներկայացրել, որ քրեական գործի նյութերն ինձ հանձնեն: Նախապես կարող եմ հայտարարել, որ քննություն չի կատարվել. քննիչները հարցաքննել են երկու անձի, որոնք կասկածվում են բժշկական փաստաթղթերի կեղծելու մեջ: Վերջիններս էլ ասել են, որ նման բան չեն արել, այդ հիմքով քրգործի վարույթը կարճվել է»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ մտադիր է բողոքարկել որոշումը:
Նշենք, որ մարտի 9-ին փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել էր Քննչական կոմիտե՝ հայտնելով, որ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ: Կոտայքի մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Պարզվել էր, որ կեղծիքներ չեն հայտնաբերվել, հետեւաբար, ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:




























