ՀՀ քաղաքացիները արդեն զգում են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի կրճատումը եւ առաջիկա տարիներին այդ ցուցիչները միայն կբարելավվեն։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի օրինական ազգային համակարգի գնահատման մասին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2014թ. զեկույցը  ներկայացնելիս լրագրողներին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2011-2012թթ. ամրագրվել էր, որ դատական իշխանությունների համակարգում կան խնդիրներ, որոնց թվում կոռուպցիոն ռիսկեր եւ այդ նպատակով ՀՀ նախագահը հաստատել է 2012-2016թթ. դատական եւ իրավական համակարգի բարեփոխումների ծրագիրը։ «Ծրագրով իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ, որոնք պետք է կյանքի կոչվեն մինչեւ 2016թ։ Դրանք վերաբերում են հենց դատական համակարգի  աշխատանքի արդյունավետությանը, դատախազության եւ քրեական  եւ գործադիր  համակարգի բարեփոխումներին»,- ընդգծեց Քրմոյանը։