Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարեւոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ ապակենտրոնացված համագործակցությանը: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երեւան, որը, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երեւանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հարցերը: Բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի օր առաջ Երեւան այցելած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առիթ է եղել քննարկելու նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու այն առաջ մղելու եւ հարաբերություններն առավել ամրապնդելու հետ կապված հարցեր: Նախագահի խոսքով, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցերն ու շփումները զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության, իսկ գործընկերոջը՝ Երեւանի քաղաքապետին, հրավերի եւ ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ է խոսել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ձեւավորված սերտ համագործակցության մասին, որն ամրապնդվել է այցի շրջանակներում այսօր Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում ստորագրված համագործակցության հնգամյա ծրագրով:

Հայաստանի նախագահը եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել: Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել են նաեւ Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը: