Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից  Մարտիրոս Քոչարյանին Վերակենդանացման  բաժանմունքից տեղափոխել են Վիրաբուժական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ զինծառայողի առողջական վիճակը հանգիստ է, բավարար, կվիրահատեն մեկ ամսից, ավելի վաղ զինծառայողի մոտ վերականգնվել էին կոնքի կոտրվածքը, միզապարկի, ուղիղ աղիքի ամբողջականությունը:

Վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած Մհերին վերջապես հաջողվել է վիրահատել, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց առկա է դրական դինամիկա: Վիրահատել են զինծառայողի ազդրը: Արամ Ասատուրյանն ասաց, որ առայժմ ոչ մեկին դուրս չեն գրել, բայց վիճակները լավ են, մյուս շաբաթ արդեն դուրս գրումներ կլինեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են, հարուցվել է քրեական գործ:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ): Վանաձորում ծառայող զինվորները գնացել էին Արմավիրի մարզի ուսումնական կենտրոն զորավարժությունների, զորամաս վերադառնալու ճանապարհին էլ եղավ դեպքը: Բեռնատարը շրջվել է Սպիտակի ոլորանների վրա եւ ընկել ձորը, մահացող զինծառայողը, ով պետք է զորացրվեր աշնանը, հենց վարորդն է: Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ: