ԱՄՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանում մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հարցում իրենց ստանձնած պարտավորությունները, մասնավորապես խոսքի ազատության ոլորտում եւ անարդարացիորեն բանտարկել են 12 լրագրողների եւ բլոգերների։ Այս մասին ուրբաթ Freedom House –ի «Խոսքի աքզատություն-2015» զեկույցի առնչությամբ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

«Ադրբեջանում կառավարության հրամանով ձերբակալվել է 12 լրագրող եւ բլոգեր։  Նրանց թվում՝ Հիլալ Մամեդովը, որը անազատության մեջէ գտնվում 2013թ.-ից»,- հայտարարել է հարֆը։

Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ աշխատանքային խումբը 2014թ. ուսումնասիրել է Մամեդովի գործը եւ նրա ձերբակալությունը ապօրինի որակել։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել Մամեդովին եւ մյուս լրագրողներին ու բլոգերներին, որոնք ձերբակալվել են միայն այն բանի համար, որ օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերջ տալ անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելուն եւ կատարել խոսքի ազատության ոլորտում ստանձնած իր պարտավորությունները»,- մեջբերում է Հարֆի խոսքը ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը 199 երկրների ցուցակում հայտնվել է 188-րդ տեղում։