Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով նոր մեղադրյալ է ներգրավվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան եւ Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական դիրքը եւ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաեւ կատարել պաշտոնական կեղծիք:
Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատավճիռը կայացվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:




























