Պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 13-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանի փաստաբան Լիանա Բալյանը:

Նրա կարծիքով՝ այս անգամ եւս հնարավոր է կկրկնվի նախորդ նիստին տեղի ունեցածը: Մասնավորապես, փաստաբանը մեղադրեց, թե նախորդ նիստին Արամ Մանուկյանի հետ կանայք էին եկել, որոնք վատ խոսքեր, անձնական վիրավորանքներ էին իրեն հասցնում եւ իր զսպվածության շնորհիվ միայն դատարանում կռիվ չդառավ եւ նիստը շոուի չվերածվեց, չնայած հակառակ կողմի ուզածը դա էր՝ նիստը վերածել շոուի եւ քաղաքական հնչեղություն տալ: Լիանա Բալյանը հույս ունի, որ իր անվտանգությունը կապահովեն դատական կարգադրիչները, այդ պատճառով առայժմ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: «Արամ Մանուկյանը փորձում է քաղաքական աստառ տալ այդ գործին, խոչընդոտել դատական նիստին: Իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, նա հայտարարել է, որ եթե պատգամավորը նորից հայհոյի նախագահին, ինքը դրա համար նորից կհարվածի»,-ասաց Լիանա Բալյանը:

Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ վիրավորել է Սերժ Սարգսյանին։