Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի հարցը հենց այս պահին բարձրացնելը ճիշտ որոշում էր։ Այս մասին մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա համոզմամբ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սպասել էր մինչեւ Ցեղասպանության 100-ամյակը եւ որոշել բարձրացնել Սիսի Կաթողիկոսության վերադարձի հարցը։ «Ամենայն հավանականությամբ կհաջողվի հետ վերադարձնել Սիսի Կաթողիկոսությունը, քանի որ իրավական փաթեթն ամբողջությամբ կա։ Այլ բան է, որ հարցը հնարավոր չի լինի լուծել թուրքական դատարաններում, այն կարող է տեղափոխվել ՄԻԵԴ։ Սակայն այստեղ նույնպես Ցեղասպանության հղում չկա։ Այստեղ դատարանը պետք է ճանաչի, որ իրավաբանական անձը ապօրինի կերպով զրկվել է ունեցվածքից։ Դա կարեւոր է այն առումով, որ արդարության վերականգնմանն ուղղված քայլ է։ Հնարավոր է, դա նախադեպ դառնա այն բանի համար, որ Սիսի Կաթողիկոսությունը կարողանա վերադարձնել նաեւ մյուս եկեղեցիները»,- եզրափակեց Արա Պապյանը։
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 28-ին դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքը։




























