Կիեւյան կամրջից հունվարի 29-ին նետված 15-ամյա աղջիկը լիովին ապաքինվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը, որի համագյուղացին է 15-ամյա աղջնակը:

«Հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց արդեն դպրոց էր հաճախում, վիճակը շատ լավ է, ոչ մի առողջական խնդիր չունի: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին է նույնիսկ մասնակցել»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ 15-ամյա աղջիկը ընկնելու հետեւանքով ստացել էր գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ:

Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր 2015թ. հունվարի 29-ի երեկոյան: Աղջկան առաջինը նկատել են տարածքում աշխատող բանվորները եւ շտապօգնություն կանչել: Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110-րդ հոդվածի հատկանիշներով։