Թուրքիայի համար դեռ շատ վաղ է ՌԴ-ին ցեղասպանության մեջ մեղադրելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը:

Թուրքիայի սկզբունքային տարբերությունը Ռուսաստանից եւ արեւմտյան երկրներից այն է, որ վերջիններս ճանաչել են իրենց հանցագործությունները եւ փորձել փոխհատուցել:

Ֆրանսիան ճանաչել է գաղութային ռեժիմի զանգվածային սպանությունները, իսկ հետո օգնել է Ալժիրի ոտքի կանգնելուն: Ռուսաստանը հայրենիք է վերադարձրել Ղրիմի թաթարներին ու չեչեններին եւ նույնպես օգնել է այդ տարածաշրջանների ոտքի կանգնմանը:

«Եթե Թուրքիան մեղադրում է, թող սկզբում նույնկերպ վարվի, ինչպես Ռուսաստանը՝ վերադարձնի հայերին Արեւմտյան Հայաստան: Արեք դա, եւ այդ դեպքում դուք իրավունք կունենաք համեմատվել ՌԴ-ի ու Արեւմուտքի հետ քաղաքակրթության աստիճանով»,-հայտարարել է Շիրինյանը: