Հուլիսին, հունիսի համեմատ, գները նվազել են 0,8 տոկոսով։ Դրա հետեւանքով գնաճը դեկտեմբերի նկատմամբ կազմում է 3,7 տոկոս, իսկ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ՝ 7,8 տոկոս։ Նման ցուցանիշներ է հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորման ենթակա է 12-ամսյա գնաճը, հարկ է նշել, որ այս կտրվածքով առկա է գնաճ։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնաճը 5,8 տոկոս էր, իսկ հուլիսին աճել է 2 տոկոսային կետով՝ հասնելով 7,8 տոկոսի։ Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել Սահմանադրությամբ իրեն ամրագրված գների կայունության պահպանման գործառույթը, ինչպես նաեւ չի ապահովում 2010 թ. բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածի պահանջները։
2010 թ. հուլիսին, հունիսի համեմատ, նվազել են ձվի, բանջարեղենի, մրգի եւ շաքարավազի գները։ Ընդ որում՝ ձվի գնի անկումը մեկ ամսվա ընթացքում կազմում է 11,4 տոկոս, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 16,6 տոկոս։
Ամսական կտրվածքով՝ պարենային ապրանքներից գնաճ առկա է միայն մսամթերքի մասով՝ 0,2 տոկոս։




























