Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի ռեստորանների մեկում բռնկված կոնֆլիկտի հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 1-ի երեկոյան «Գամբիտ» ռեստորանում։ Ոստիկանը իր ծառայողական պարտականություններն էր կատարում, գրում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ ներկայացուցչին։

LifeNews-ի տեղեկություններով՝ կոնֆլիկտն առաջացել է գումարի պատճառով բռնկված վեճի հետեւանքով։ Արդյունքում քաշքշուկ է սկսվել, որից հետո մասնակիցները դուրս են եկել փողոց, որտեղ եւ սկսվել է հրաձգությունը։

Հրաձգության հետեւանքով զոհվել է Ճանապարհային անվտանգության պետավտոտեսչության միջշրջանային հաշվառման եւ քննության բաժնի պետ Շամիլ Տաալովը։